Saturday, February 22, 2020

Ընկերվարութիւնը կարո՛ղ է յաղթել ԱՄՆում

Ուզում եմ հայախօս այն ընկերներս, որ ԱՄՆ լուրերին մօտից չեն հետեւում, իմանան, որ ԱՄՆում յառաջադիմական շարժումը աննախադէպ ուժ է կուտակել եւ հաւանականութիւնը մեծ է որ ԱՄՆ յաջորդ նախագահը լինի ժողովրդավարական ընկերվարական:

Դեմոկրատ կուսակցութեան նախագահական թեկնածութեան ամենահաւանական թեկնածուն է յառաջադիմական շարժումի դրօշակիր՝ Բերնի Սանդերսը: Ու, ըստ ընտրողներին, Նոյեմբերին՝ Թրամփի հետ մրցակցութեան մէջ, նա յաղթական կը լինի:

Բերնի Սանդերսը իրեն համարում է ԱՄՆի աւելի քան հարիւրամեայ ընկերվարական շարժումի ժառանգը:


Ծրագիր

  • Կենսոլորտային ճգնաժամի լրջութիւնը հասկանալով, հսկայական ներդրում անել «կանաչ» տնտեսութեան մէջ, երկրագունդը փրկելով ու 20 միլիոն նոր գործատեղեր հաստատելով:
  • Առողջապահութիւնը ճանաչել իբր մարդու իրաւունք ու պետական ապահովագրութեան համակարգի մէջ ներգրաւել բոլորին:
  • Նուազագոյն աշխատավարձը բարձրացնել ու արհեստակցական միութիւններին օրէնքով սատարել:
  • Գաղթականների հանդէպ ունենալ մարդկային վերաբերմունք:
  • Վերջ տալ անվերջ պատերազմին: Վերջ տալ Իրանի ժողովուրդի դէմ անմարդկային տնտեսական ճնշումներին:  Չսատարել «աջակողմեան ցեղապաշտ կառավարութիւնը, որ այսօր գործում է Իսրայելում», ոչ էլ Սաուդիական Արաբիան վարող «մարդասպան ավազակներին»:
  • Ընդունել, որ «ամէն անհատ, ընտանիքի եկամուտից ու գաղթական կարգավիճակից անկախ, պէտք է հնարաւորութիւն ունենայ բարձրագոյն կրթութիւն ստանալու առանց նիւթական ծանր պարտքեր կուտակելու:» Պետական համալսարանները անվճար դարձնել ու կրթական պարտքերը ներել: Այսպիսով շղթայազերծել երիտասարդ սերունդի տնտեսական կարողականութիւնը:
  • Կարելի է շարունակել, բայց այսքանով առայժմ բաւարարուենք:

«Սա շարժանկար չէ: Սա շարժում է:»

Ժողովրդավարական ընկերվարական Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը,
ԱՄՆ Կոնգրեսի ամենից երիտասարդ անդամը, սատարում է
ժողովրդավարական ընկերվարական Բերնի Սանդերսի թեկնածութիւնը
Արդեօ՞ք Սանդերսի յաղթանակը անխուսափելի է: Յառաջադիմական շարժումի կարկառուն դէմքերից Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը այս հարցին տուել է լաւագոյն պատասխանը: «Սա շարժանկար չէ: Սա շարժում է:» Չենք նայում տեսնենք հըլը ի՞նչ կը լինի: Անում ենք ամենինչ որ մեր ուզածը լինի: Չկայ անխուսափելի բան: Կայ շարժում:

Բերնիի կարգախօսն է, «Ոչ ե՛ս. Մե՛նք:»

Յունուարի 31ի դրութեամբ, 1,5 միլիոն անձ գումար էր նուիրել Սանդերսի ընտրապայքարին: Յունուար ամսին ստացել է 1,3 միլիոն հատ նուիրատւութիւն: Նուիրատւութեան միջին չափն է եղել $18: Նուիրատուների մէջ ամենայաճախ նշուած մասնագիտութիւնը «ուսուցիչ» էր: Մեծ մասը աշխատաւորներ են ամենամեծ (ու կեղեքիչ) բաժնետիրական հիմնարկներում աշխատող: Բերնին միանգամայն մերժում է միլիոնատէրներից գումար հանգանակելու հաւաքներ կազմակերպել: Չի հայցում նրանց օժանդակութիւնը:

Կամաւորական բանակ

Միլիոնաւոր կամաւորներ ծառայում են իբր Բերնիի ընտրապայքարի դեսպանները: Ընտրապայքարը կազմակերպուած ու արդիական կերպով օգտագործում է նրանց ժամանակը:

Bern app-ը զգուշացնում է, որ Փենսիլուանիա 
նահանգում ապրող, Բերնիին սատարող
ընկերս Դեմոկրատ կուսակցութեան անդամ
չէ ու Բերնիին ձայն տալու համար պէտք է
Մարտ 28ից առաջ դիմում ներկայացնի:
Անցեալ շաբաթ մի կամաւոր ինձ զանգեց: Հաստատեց որ Bern app-ում նշել եմ, որ Բերնիին անպայման սատարող երկու ընկեր ունեմ Նեւադա նահանգում:(Մէկը հիւանդապահ է՝ Իրանից, միւսը՝ իր դուստրը, ուսանող: Հիւանդապահների գլխաւոր արհեստակցական միութիւնը սատարում է արհեստակցական միութիւնների տասնամեակների պաշտպան՝ Սանդերսին:) Նեւադա նահանգում ընտրութիւնը Փետրուարի 22ին է, բայց կարելի է շուտ ձայն տալ: Արդեօ՞ք կարող եմ իմ ընկերներին զանգել ու յուշել, որ վաղը գնան ձայն տալու: Զանգեցի: Նադերէն ասաց, որ յաջորդ օրը 12 ժամ աշխատում է ու չի կարող գնալ ընտրութեան վայր: Օգտուելով ընտրապայքարի շտապի տուած տեղեկութիւններից, իրեն կարողացայ ասել, որ նաեւ կարող է Կիրակի օրը ձայն տալ: Կիրակի նա գնաց ու ինձ պատմեց երկու ժամ հերթ սպասելու մասին:

Երեկ գիշեր մի ուրիշ կամաւոր ինձ զանգեց: Հաստատեց, որ Նադերէն ու իր դուստրը արդէն ձայն են տուել: Ապա սկսեց հարցնել Կալիֆորնիայի իմ ընկերների մասին, սկսելով նրանցով ովքեր անպայման ձայն են տալու Սանդերսին:
  • Բերնի Սանդերսը հանդիպում է
    Լոս Անժելեսում հայերի հետ ու կրում
    Անմոռուկով կրծքանշանը:
    «Ա-ին կը զանգե՞ս:» Զանգել եմ: Իր քուէաթերթիկը ուշացել էր: Հիմա ստացել է ու իր ընտանիքի եօթը անդամների հետ միասին ձայն են տուել Սանդերսին:
  • «Ի՞սկ Խ-ն»: Կապուել եմ: Իր ընտանիքի երեք անդամների հետ միասին այս շաբաթ ձայն էին տալու Բերնիին:
  • «Գալով Գ-ին...:» Նա մինչեւ այս շաբաթ չգիտէր ում էր ձայն տալու: Միայն գիտէր որ ուզում է այսօրուայ «էշից» ազատուել: Զրուցեցինք: Վերջում որոշեց Բերնիին ձայն տալ: Դրա համար appի մէջ նշել եմ որ կողմնակից է: «Շատ լաւ ես արել: Թոյլ կը տա՞ս քեզ մի վիդիո ուղարկել, որ ցոյց է տալիս ոնց մարդկանց համոզել ու ոնց չհամոզել:» Այո:
  • «Լաւ, իսկ Թալինը՞:» Նա Գլենդեյլի Ուսուցիչների Արհեստակցական Միութեան նախագահն է: (Նա Սանդերսի շապիկին փակցրեց Անմոռուկով կրծքանշանը երբ Լոս Անժելեսում ելոյթ էր ունենում:) Զանգելու անհրաժեշտութիւն չկայ: Բայց կապուել եմ ու իր դուստրերի հետ երեք ձայն են տալիս Բերնիին:
  • Ու այսպէս շարունակ:
Ես, որ չեմ սիրում անծանօթների զանգել, փոխարէնը բազում դուռ եմ ծեծել, ստորագրութիւն հաւաքելու, որպէսզի Բերնի Սանդերսի անունը լինի Նիւ Եորք նահանգի քուէաթերթիկների վրայ: (Դուռ ծեծելն էլ ունի իր appն անշուշտ:)

Այսպէս, պատահական բան չկայ: Կայ կազմակերպուած շարժում:

Հակաշարժում

Ու իհարկէ կայ կազմակերպուած հակաշարժում եւս:

Միլիարդատէրերին ընդհանրապէս անհրաժեշտ չի իրենց շահերը յառաջ մղելու համար անձամբ ղեկավարել երկիրը: Նրանք այս գործի համար հովանաւորում են քաղաքական պաշտօնի տենչանք ունեցողներին: Այսպէս միլիարդատէրերը կարող են գոլֆ խաղալ, անչափահաս աղջիկ բռնաբարողների հետ ընկերութիւն անել, կամ ինչպէս ուզեն հանգիստ ապրել, ընտրապայքարի գործը թողնելով մանկլաւիկներին: Այս անգամ այդ մանկլաւիկները չեն կարողացել ժողովրդավարական ընկերվարական թեկնածուի թափը կոտրել: Այժմ, Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մէկը ինքն է մտել ասպարէզ:

Այդ մարդը՝ Մայքլ Բլումբերգը, Թրամփի պէս ինքնակալ է, ցեղապաշտ, կնամոլ, ու նուիրուած մեծահարուստների շահերի պաշտպանութեան: Թրամփից տարբերւում է նրանով որ կիրթ է ու ատակ:

Մէկ միլիարդատէր ծաղրում է միւսի ճաշակը միս ուտելու հիմնահարցում ու պատկերացնում է որ ընտրողները վազելով կը գան իրեն ձայն տալու:


Միլիարդատէրերն ու իրենց մարդիկ ջանք չեն խնայի յառաջադիմական շարժումի մէջքը կոտրելու: Բայց շարժումը ունի երիտասարդութեան մեծամասնութեան ու աշխատաւորների կարեւոր մասի զօրաշարժի կոչուած ուժը:

Այնքան ժամանակ որ մնանք շարժումի մասնակիցներ ու ոչ շարժանկար դիտողներ, յաղթանակի հաւանականութիւնը մնում է մեծ: